«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կցուցադրվի 186 կինոնկար շուրջ 63 երկրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Շառլ Ազնավուրին նվիրված փառատոնը կանցկացվի նոյեմբերի 6-10-ը Երևանում, Արցախում և նոյեմբերի 5-11-ը Հայաստանի հինգ մարզում` Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում, Կոտայքում: «Տարիների ընթացքում փառատոնն իր առջև մի շարք նպատակներ է դրել, որոնցից է մանուկների, պատանիների գեղագիտական դաստիարակությանը նպաստելը, աշխարհընկալում ձևավորելը: Շատ կարևոր է այն, որ փառատոնն ապակենտրոնացված է, և այն մայրաքաղաքից տեղափոխվել է մարզեր՝ այնտեղ ապրող երեխաներին հնարավորություն ընձեռելով մասնակիցը լինել միջոցառումների ամբողջ ընթացքին, կապեր հաստատել, գուցե նաև քայլեր անել այս ոլորտում»,-փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ բարի երթ մաղթելով փառատոնին: Ողջույնի խոսքով հանդես եկավ անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մեդվեդևը: Նա պատմեց, որ Հայաստանի մասին պատմող մի հրաշալի գրքում կարդացել է մի միտք, որն իրեն ցնցել է: «Այնտեղ ասվում էր, որ հայերն ապրում են հանուն երեխաների: Այսօր այս փառատոնի մթնոլորտում ես դա զգացի: Հայաստանը՝ երեխաների համար: Շնորհակալ եմ Նունե Մանուկյանին և նրա թիմին նախաձեռնության համար»,-ընդգծեց Մեդվեդևը: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շեշտեց՝ շատ կարևոր է այն հանգամանքը, որ փառատոնն ընդգրկում է ՀՀ մարզերը: «Այն ոչ միայն մրցույթ է, այլև հարթակ, որտեղ ամեն տարի ծնվում են նոր նախագծեր, բարձրացվում են մեր և մեր երեխաների համար էական թեմաներ: Նշանակալի է ֆիլմերի միջոցով բարության և մարդասիրության մասին գաղափարները երեխաներին փոխանցելը»,-նշեց դեսպանը և հավելեց, որ փառատոնին քսան ռուսական կինոնկար կցուցադրվի: Բացմանը ելույթներ ունեցան մի քանի երգի և պարի համույթներ, իսկ գեղեցիկ միջոցառումը վարեց Հայկ Պետրոսյանը, որը կատարեց Շառլ Ազնավուրի մի քանի ստեղծագործություն: «Ռոլան»-ը հավատարիմ է մնում իր որդեգրած ձևաչափին. այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված կլինի բացառապես երեխաներից և պատանիներից Երևանից և ՀՀ մարզերից: «Խաղարկային ֆիլմեր», «Հանդիսատեսի համակրանք», «Անիմացիոն ֆիլմեր», «Ես իրավունքներ ունեմ», «Պատիվ ունեմ» անվանակարգերին միացել են «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգերը: Փառատոնը շարունակում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի առավել խորացմանն ու ընդլայնմանը ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից Հայաստան ժամանած ականավոր կինոգործիչները Երևանում վարպետության դասեր կանցկացնեն, կլինեն հետաքրքիր քննարկումներ: Կշարունակվեն ավանդական դարձած սոցիալական ծրագրերը: Գյումրի այցելության ժամանակ արտերկրից ժամանած փառատոնի հյուրերը կայցելեն «Թռչունյան տուն» երեխաների խնամքի և աջակցության կենտրոն և հանդիպում կունենան երեխաների հետ: 14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է «Վիշեգրադ-Հայաստան. նոր նախաձեռնություններ միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» հատուկ ծրագիրը: Այն ուղղված է Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի, Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը: Ծրագրի ընթացքում կանցկացվեն Վիշեգրադի ֆիլմերի օրեր Հայաստանում, նախատեսվում են քննարկումներ, ստեղծագործական հանդիպումներ: Գյոթեի անվան ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակում Գերմանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը` ռեժիսոր, պրոդյուսեր, դերասանուհի, ով կներկայացնի «Սուպեր Մոդոն» ֆիլմը: Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրում կներկայացվի անվանի անիմատոր Միյո Սատոնի «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ |
Մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
Written by Zara
|