VERTEX

News

Վիշեգրադի երկրների ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանում փառատոնի ընթացքում
Автор: Zara

Սույն թվականի նոյեմբերի 7-11-ը Երևանում, Գավառում և Ալավերդիում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպմանն աջակցում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամը:

Փառատոնի շրջանակներում կիրականացվի «Վիշեգրադ–Հայաստան «Ռոլան» միջազգային կինոփառատոնը` որպես միջմշակութային երկխոսության պլատֆորմ» հատուկ ծրագիրը: Վիշեգրադի  երկրներից Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամի ծրագրի գործընկերներն են «Juniorfest» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը /Չեխիա/,  «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը /Լեհաստան/, Սլովակիայի ֆիլմերի ակումբների ասոցիացիան /Սլովակիա/  և   «Busho» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը /Հունգարիա/:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի տասներկու ժամանակակից ֆիլմերին, այդ թվում նաև` այս տարի Օսկարի մրցանակի արժանացած Հունգարիայի «Երգի՛ր» լավագույն կարճամետրաժ ֆիլմին: Լեհական կինեմատոգրաֆիան կներկայացնեն Ֆելիքս Ֆալկի «Յոաննա» / 2010 թ. / և Մարիուշ Պալեյի «Կապույտ դռան հետևում» / 2016 թ. / ֆիլմերը:

Վիշեգրադի երկրները կներկայացնեն «Ալե կինո» կինոփառատոնի նախագահ Եժի Մոշկովիչը /Լեհաստան/, «Բուշո» կինոփառատոնի նախագահ Տամաս Գաբելին և Օսկարի մրցանակի արժանացած «Երգի՛ր» ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ Մալին /Հունգարիա/, «Juniorfest» փառատոնի ներկայացուցիչ Վերոնիկա Հանսովան /Չեխիա/, ռեժիսոր Ռոբերտ Շվեդան և կոմպոզիտոր Մարտին Բարաբասը /Սլովակիա/:

Ֆիլմերի ցուցադրումները ուղեկցվելու են այլ միջոցառումներով`

- Վիշեգրադի գործընկերների ստեղծագործական հանդիպումները հայ կինոգործիչների, ուսանողների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

- «Եկե՛ք խոսենք» կլոր-սեղան քննարկում,

- «Մշակութային կամուրջների ստեղծում» թեմայով սեմինար-դասընթաց երիտասարդ հայերի համար, որի ընթացքում կստեղծվի նոր ֆիլմի սցենար: Սեմինար-դասընթացը կվարի Եժի Մոշկովիչը:

- ֆիլմերի ցուցադրմանը հաջորդող քննարկումներ:

Հարկ է նշել, որ ֆիլմերի ցուցադրումը տեղի կունենա ոչ միայն Հայաստանի մայրաքաղաք Երևանում, այլև Ալավերդու մշակույթի կենտրոնում (Լոռու մարզ) և Գավառի մանկատանը (Գեղարքունիքի մարզ), ինչը հնարավորություն կտա հեռավոր մարզերի  բնակիչներին ևս մասնակցելու փառատոնին:

Վերոհիշյալ փառատոնի ծրագիրը կարող եք գտնել այստեղ:

http://yerevan.mfa.gov.pl/hy/news/rolan_visegrad_film_festival;jsessionid=4663161D73AB03A23508815E29AFE513.cmsap1p