VERTEX

News

Գարրի Բարդինի անիմացիոն նոր ֆիլմի պրեմիերան կկայանա Երևանում
Автор: Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում և Արցախում նոյեմբերի 5-9–ը, հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Այս տարի փառատոնը ստացել է 865 հայտ. փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրներից: 

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում աշխատելու են բացառապես երեխաներ և երիտասարդներ`

«Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները,

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, 

«Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները,

«Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, 

«Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորներ: 

«Ռոլան» փառատոնը կրկին երիտասարդների միջև հանդես կգա որպես մշակութային երկխոսության միջազգային հարթակ:

ՀՀ համայնքներում ապրող երեխաների և երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով էլ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ապարանում, Ալավերդիում, Գավառում, Ճամբարակում, Թեղուտում, Շնողում, Դաստակերտում, ինչպես նաև Արցախում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ արտերկրից ժամանած հյուրերի հետ: 

Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված կինոգործիչների, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին: 

Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի՝ «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև` ստեղծագործական երեկոն` նվիրված ռեժիսոր-մուլտիպլիկատորի ծննդյան 75-ամյակին: 

Ավանդույթը չխախտելով կյուրընկալվի նաև փառատոնի հավատարիմ բարեկամը` ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: 

Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ: 

Փառատոնի կազմակերպիչն է` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը, միջոցառումը կանցկացվի ՀՀ Նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

http://newsarmenia.am/am/news/culture/garri_bardini_animatsion_nor_filmi_premieran/