Նոյեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը: Այդ կապակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները խոսեցին արդեն 11 տարվա պատմություն ունեցող փառատոնի մասին:
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն իր խոսքում նշեց, որ այս տարի խախտել են ավանդույթն ու փառատոնը սկսել մի փոքր շուտ՝ բարեգործական ակցիայով: «Փառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը տրվել է հոկտեմբերի 23-ին՝ բարեգործական ակցիայով, որի նպատակն է օգնել սահմանամերձ գյուղերի կարիքավոր երեխաներին: Այն երեխաները, ովքեր կգան եւ կդիտեն փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը, կարող են իրենց օգնությունը ցուցաբերել սահմանամերձ գյուղերի երեխաներին՝ բերելով իրենց հետ հագուստ, խաղալիքներ, գրքեր եւ այլ իրեր»,-նշեց նա՝ հավելելով, որ ակցիան կտեւի մինչեւ նոյեմբերի 27-ը: Նունե Մանուկյանը նշեց նաեւ, որ «Ռոլան-2015»-ը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւ հատուկ այդ նպատակով ավանդական յոթ անվանակարգին ավելացրել են եւս մեկը՝ «Ապագան՝ առանց Ցեղասպանությունների» խորագրով: Նշենք, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն անցկացվում է Երեւանում, ՀՀ մարզերում, Արցախում եւ Ջավախքում: Փառատոնի պաշտոնական բացումը կլինի նոյեմբերի 7-ին։ Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 11-ը: http://www.a1plus.am/1415300.html |
«Ռոլան» փառատոնը մեկնարկեց սահմանամերձ գյուղերի երեխաներին նվիրված ակցիայով
Written by Zara
|