VERTEX

News

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է
Written by Zara

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի կազմակերպիչն է ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը:

 

Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում ընթանալիք փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից, նախատեսվում է ավելի քան 25.000 հանդիսատես: Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով:

Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը` «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են հայ և այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:

Տարեցտարի շարունակվում և ընդլայնվում է ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև 2013 թվականից ստեղծված համագործակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվել էր «Պատիվ ունեմ» անվանակարգը: Այս տարի փառատոնին մասնակցած 5 զորամասերին ավելացել են ևս 3-ը:

Փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ), Գեղարքունիքում (Գավառ) և Տավուշում (Դիլիջան):

2006 թվականից ի վեր ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը Արցախում իրականացրել է մի շարք բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութային, սոցիալական, կրթական: Շարունակելով համագործակցությունը ԼՂՀ մշակույթի նախարարության հետ` այս տարի ևս փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ Արցախի բոլոր շրջաններում:

Փառատոնը, հանդիսանալով միջազգային հարթակ և ընդլայնելով իրականցվող ծրագրերը, այս տարի առաջին անգամ կինոդիտումներ կկազմակերպի նաև Ջավախքում։ Նպատակը Հայաստան-Ջավախք մշակութային համագործակցությունը խորացնելը և հետագայում ընդլայնելն է: ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի առաջնային ծրագրերից է փառատոնին հայկական համայնքների անմիջական մասնակցությունն ապահովելով Հայաստան-սփյուռք մշակութային կամուրջն ամրապնդելը:

Հատուկ ուշադրության է արժանի փառատոնի շրջանակներում նախատեսվող «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիան` ուղղված ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին: Ակցիային կարող են մասնակցել ինչպես անհատներն ու պետական կառույցները, հիմնադրամներն ու այլ կազմակերպություններ, այնպես էլ հանդիսատեսը՝ փառատոնային 5 օրերի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր դիտումներին բերելով խաղալիքներ, մանկական գրքեր կամ այլ օգտակար իրեր: Ի դեպ ակցիան կշարունակվի նաև կինոդիտումներից հետո՝ տևելով մինչև նոյեմբերի 27-ը: Այդ ընթացքում հանգանակությունները կարող են հանձնվել ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակ:

Նոյեմբերի 11-ին երեք՝ Սա Յեոնդոնգի «Հրում», Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» և Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» ֆիլմերի ցուցադրությամբ փառատոնը կավարտվի:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

http://www.panorama.am/am/news/2015/11/07/rolan-festival/1475775