«Ռոլանի» ժամանակ միայն ֆիլմ չեն դիտի
Աշխարհի 44 երկրից 156 ֆիլմ եւ նախատեսված 25 հազար հանդիսատես կամ, մեկ խոսքով, մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետի աջակցությամբ։ Մանկապատանեկան ֆիլմերի 11—րդ միջազգային փառատոնը կանցկացվի նոյեմբերի 7—11—ը՝ Երեւանում, մարզերում, Արցախում ու Ջավախքում։ Բացման ֆիլմը հանրահայտ ռեժիսոր Փոլ Քինգի բրիտանաֆրանսիական «Պադինգտոն» ֆիլմն է։ Գլխավոր դերակատարներից է աշխարհահռչակ դերասան Նիկոլ Քիդմանը։ Փառատոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ փառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը տրվել է ավելի վաղ՝ բարեգործական ակցիայով։ «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական միջոցառումն իրականացվում է աջակցելու համար ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին։ Այդ նախաձեռնության մասնակից կարող է դառնալ նաեւ հանդիսատեսը։ Մի խումբ փոքրիկներ նվերներով իրենց մասնակցությունն արդեն հաստատեցին ասուլիսի ժամանակ։ Կինոդիտումների ավարտից հետո ակցիան կշարունակվի մինչեւ նոյեմբերի 27—ը։ Այդ ընթացքում ցանկացողները հանգանակությունները կարող են տանել «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակ։ «Ռոլան»—ի շրջանակում բոլոր միջոցառումներն ու կինոդիտումներն ավանդաբար կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով։ Կինոփառատոնի ավանդական 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ոչ մրցութային անվանակարգ՝ «Ապագա՝ առանց ցեղասպանության»։ «Այդ խորագրի ներքո ներկայացվելու են ոչ միայն հայ, այլեւ օտարազգի մասնագետների՝ ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը»,—նշեց Նունե Մանուկյանը՝ ավելացնելով, որ արդեն մի քանի տարի է հիմնադրամի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շնորհիվ գոյություն ունի «Պատիվ ունեմ» անվանակարգը։ Դրա նպատակն է կինոյի միջոցով նպաստել բանակի մարտական ոգու բարձրացմանը։ Այդ նույն համագործակցության արդյունքում փառատոնի մասնակից զորամասերի թիվն ավելացել է 3—ով։ Իսկ ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Տավուշում։ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը Արցախում էլ իրականացրել է մի շարք բազմաբնույթ ծրագրեր։ Եվ շարունակելով համագործակցությունը Արցախի մշակույթի նախարարության հետ՝ այս տարի եւս փառատոնին հաջորդող 40 օրերին կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ։ Կինոդիտումներ կկազմակերպվեն նաեւ Ջավախքում՝ նպատակ ունենալով խորացնել ու հետագայում ընդլայնել Հայաստան—Ջավախք մշակութային համագործակցությունը։ Հիմնադրամը նպատակ ունի ապագայում ավելի ամրապնդել Հայաստան—սփյուռք մշակութային կամուրջը՝ հայկական համայնքները դարձնելով փառատոնի անմիջական մասնակից։ http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20151105_5&flag=am |
«Ես կօգնեմ»
Written by Zara
|