VERTEX

News

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է
Written by Zara

ՀՀ նախագահի, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ նոյեմբերի 7-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը ու կտեեւի մինչեւ նոյեմբերի 11-ը: Փառատոնը, որի կազմակերպիչը ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամն է, այս տարի նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ: Փակման արարողությանը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում. կցուցադրվեն երեք՝ Սա Յեոնդոնգի  «Հրում», Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» եւ Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» ֆիլմերը:

Երեւանում, ՀՀ մարզերում, Արցախում եւ Ջավախքում ընթանալիք փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից, նախատեսվում է ավելի քան 25000 հանդիսատես: Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները եւ կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով:

Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել է եւս մեկը` «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են հայ եւ այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:

Տարեցտարի շարունակվում եւ ընդլայնվում է ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության միջեւ 2013 թվականից ստեղծված համագործակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվել էր «Պատիվ ունեմ» անվանակարգը: Այս տարի փառատոնին մասնակցած 5 զորամասերին ավելացել են եւս 3-ը:

Փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ), Գեղարքունիքում (Գավառ) եւ Տավուշում (Դիլիջան):

2006 թվականից ի վեր ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը Արցախում իրականացրել է մի շարք բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութային, սոցիալական, կրթական: Շարունակելով համագործակցությունը ԼՂՀ մշակույթի նախարարության հետ` այս տարի եւս փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ Արցախի բոլոր շրջաններում:

http://news.am/arm/news/294852.html