VERTEX

News

ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Գրել է Zara

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում նոյեմբերի 11-12ը կայացան ռեժիսորներ Թորգոմ Նալբանդյանի «Հասան...մերոնք են», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմերի և Դավիթ Սահակյանցի «Անահիտ» մուլտֆիլմի դիտումն ու քննարկումը:

Առաջինը ներկայացվեց Թորգոմ Նալբանդյանի «Հասան...մերոնք են» ֆիլմը, որը ռեժիսորի առաջին աշխատանքն է և նկարահանվել է հենց նրա հեղինակած «Յոթը քսան հազարից» գրքի մոտիվներով: Հարկ է նշել, որ ֆիլմի ռեժիսորը մասնագիտությամբ ռադիոինժեներ է, չնայած դա չի խանգարում նրան, որպեսզի ի հայտ բերի իր ռեժիսորական հակումներն ու ձիրքերը ֆիլմարտադրության ոլորտում: «Ֆիլմը նվիրված է ՀՀ Զինված ուժերի կազմավորմանը և հիմնված է ԼՂՀ տարածքում մղվող ազատագրական պայքարի շրջանի ժամանակների իրադարձությունների վրա: Դերասանները ոչ պրոֆեսիոնալներ են: Նրանցից շատերը պարզապես հասարակ զինվորներ են», -իր խոսքում նշեց Նալբանդյանը: Ֆիլմը պատմում է մի զինակոչիկի մասին, ում, առաջին հայացքից, միայն սնվելն է հետաքրքրում, սակայն մարզումներից և կոփումներից հետո նա դառնում է մի իսկական մարտիկ՝ փրկելով իր վիրավոր հրամանատարին մահից: Ֆիլմը նկարահանվել է 2006 թվականին: Հաջորդ ֆիլմը, որը ճանաչվել է՝ որպես լավագույն դեբյուտ, երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմն է: Ֆիլմը բավականին արդիական և հետաքրքիր երկու պատմությունների մասին է: Ի սկզբանե, ռեժիսորը միտք ուներ ստեղծել եռապատում, բայց հետագայում այն անիմաստ է համարում, քանի որ այդ պատմությունը շատ նման էր նախորդ երկուսին: Նա նշում է. «Երկու կարճամետրաժ ֆիլմերում երեք կերպար եմ ներկայացրել, որոնցից մեկը մահանում է: Ֆիլմերի թեմատիկան ընտրությունն է: Առաջին ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, որոնք ես փորձել եմ փոխանցել: Ուզում էի բարոյական, ներքին պատերազմի և Համաշխարհային պատերազմի կոնտրաստը ցույց տալ: Դերասանների ընտրությունը պատահական է արվել, բայց, ըստ իս, հաջող է ստացվել»: Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է մեկուկես տարի առաջ և կան նոր գաղափարներ և մտքեր նոր ֆիլմ նկարելու համար: Փառատոնի շրջանակներում հատվածներ են ցուցադրվել նաև Դավիթ Սահակյանցի «Անահիտ» մուլտֆիլմից: Այն նկարահանվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով: Հիշեցնենք, որ ռեժիսորների հետ հանդիպումները կազմակերպվել են Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: