VERTEX

News

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ... ՄԻԱՍԻՆ ԿՀԱՂԹԵՆՔ...

Ավանդական դարձած «Դու մենակ չես... Միասին կհաղթենք...» սոցիալական ծրագիրն այս տարի իրականացվեց ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Երևան էին ժամանել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Ալեքսեյ Մասչանը և բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Կարաչունսկին:

Հիմնադրամի և կենտրոնի համագործակցությունը, որն սկսվել էր դեռևս 2010 թվականին` 6-րդ փառատոնի շրջանակներում, հաջողությամբ շարունակվում է` ծնունդ տալով մեկ այլ` նոր համագործակցության` պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ, որտեղ էլ պրոֆեսորներ Մասչանն ու Կարաչունսկին բժշկական խորհրդատվություններ անցկացրեցին, դասախոսություններ կարդացին, քննարկեցին երկու կենտրոնների միջև հետագա համագործակցության հնարավոր ուղիներ Մոսկվայում և Երևանում:

Հուսով ենք, որ հաջողված սկիզբը հիմք կծառայի նաև հետագա բեղուն համագործակցության համար, և երկու կենտրոնների արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա կրճատել արյան ու ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաների մահացության թիվը Հայաստանում: