|
«… Ասում են , որ եթե հավաքես աշխարհի բոլոր կինոժապավենները և միացնես իրար, կարող ես 10 անգամ փաթաթել մեր ամբողջ գալակտիկան: Եվ մարսցիները կկարողանան մեր ֆիլմերը դիտել իրենց Ալֆա-Ցենտավրայում: Սակայն եթե նրանք դիտեն մեր ֆիլմերը, այլևս չեն գա մեզ մոտ, կփակվեն իրենց թռչող ափսեներում և այդպես էլ չեն իմանա, որ գոյություն ունի նաև կինո փոքրերի համար»: Այս բառերով սկսվեց Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային չորրորդ փառատոնը, որի բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում հոկտեմբերի 16-ին: Բացման արարողությունից առաջ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում դիմավորում էին փառատոնի հյուրերին` հանրահայտ մուլտիպլիկատորների, դերասանների և ռեժիսորների: Գլխավոր մուտքի դիմաց փռված էր կարմիր ուղեգորգ, որի երկարությամբ երկու կողմից կանգնած էին երեխաներ: Պատվավոր հյուրերին դիմավորում էր նաև զինվորական նվագախումբը, որը կատարում էր սիրված երգեր մանկական կինոնկարներից և մուլտֆիլմերից: Հյուրերը բարևում էին իրար, մի քանի րոպե զրուցում և միասին ուղևորվում դեպի գլխավոր մուտքը: Կարեն Շահնազարով, Աննա Ատամանովա, Ալեքսանդր Պետրով, Անդրեյ Խրժանովսկի, Էդուարդ Նազարով, Միխայիլ Տումելյա… Նայելով նրանց մտածում ես` մի՞թե այս ձեռքերով են ստեղծվել «Վինի Թուխը», «Այբոլիտը», «Գանձերի կղզին»… Թվում է, թե այս մարդիկ ուղղակի բարի կախարդներ են, որոնք անհասկանալի կերպով դուրս են եկել հեքիաթներից: Եվ իսկապես, մի ամբողջ սերնդի համար նրանք կախարդներ էին, որոնց աշխատանքի շնորհիվ ծնվել են հազարավոր հերոսներ, որոնք զվարճացնում, միաժամանակ դաստիարակում էին հեռուստացույցի էկրանից: Երբ բոլոր հյուրերն իրենց տեղերը զբաղեցրին դահլիճում, սկսվեց բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին փառատոնին մասնակցող ֆիլմերը: Դրանք 48-ն էին (խաղարկային լիամետրոժ և անիմացիոն)` 23 երկրներից: Մրցութային ծրագրերին մասնակցեցին միայն 21-ը: Այս տարի մրցույթն անցկացվեց երկու անվանակարգում` լիամետրաժ խաղարկային և անիմացիոն: Հաղթողներին ընտրեց ժյուրին, որը տարբեր էր երկու անվանակարգերի համար: Ժյուրիի յուրաքանչյուր մասն իր հերթին բաժանված էր երկու խմբի` մեծերի և երեխաների: Մեծերի ժյուրին որպես լավագույն լիամետրաժ խաղարկային կինոնկար ճանաչեց «Ծննդյան տոների պատմություն» ֆիննական կինոնկարը, որն ստացավ նաև կազմակեպիչների սահմանած «Գրան պրին»: Լավագույն անիմացիոն կինոնկար ճանաչվեց ռուսական «Վասիլիսա» մուլտֆիլմը: Ինչպես սպասվում էր, մեծերի և փոքրերի կարծիքները չհամընկան. փոքրերը լավագույն լիամետրաժ կինոնկար համարեցին ռուսական «Յարիկ» ֆիլմը, իսկ անիմացիոն` ֆրանսիական «Վիշապ որսացողները» մուլտֆիլմը: Փառատոնի շրջանակներում տրվեցին նաև դիպլոմներ տարբեր անվանակարգերում: Ամբողջ փառատոնը կազմակերպված էր բարձր մակարդակով և իսկապես նման էր հեքիաթի, որը թեև ավարտվեց, սակայն անպայման կկրկնվի մյուս տարի: Ուրեմն մինչ նոր հանդիպում, երեխաներ:
|
|
4-օրյա հեքիաթ
|








