VERTEX

News

Նոյեմբերի 5-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը
Գրել է Zara

Նոյեմբերի 5-9 մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այնուհետ ավանդույթի համաձայն` փառատոնը կշարունակվի մարզերում, ապա Արցախում: Եթե նախկին տարիներին հետփառատոնային ցուցադրությունը տևում էր 40 օր, ապա այս տարի ֆիլմերի աննախադեպ քանակի պատճառով ցուցադրությունները կշարունակվեն մինչև հաջորդ տարվա վերջ: Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը փառատոնի նախագահ Նունե Մանուկյանն այս հանգամանքը բացատրեց «Ռոլան» փառատոնի դինամիկ զարգացման փաստով: «Տարեցտարի փառատոնը իր զարգացումն է գտնում թե մասնակից երկրների թվի, թե աշխարհագրական ընդլայնման առումով: Եթե 2012 թ. ներկայացվել է 105 ֆիլմ 27 երկրից, ապա այս տարի մասնակցում է 165 ֆիլմ 48 երկրից: Ընդ որում, այդ 165 ֆիլմն ընտրվել է առաջարկված 865-ից: Մենք փորձում ենք ընտրել միայն լավագույն ֆիլմերը, որոնք դիտելուց հետո երեխան կամ պատանին կգնա տուն և կցանկանա խոսել դրանց մասին»,- նշեց Ն. Մանուկյանը:

«Ռոլան» 12-րդ փառատոնի ժյուրիի` նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է: Ժյուրիի կազմում ընդգրկված են լինելու բացառապես երեխաներ և երիտասարդներ: Մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում որոշում կկայացնեն Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորները: Փառատոնի այս առանձնահատկությունն ընդգծեց և կարևորեց նաև ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը. «Կարևոր է, որ ժյուրին ինքը հանդիսատեսն է: Եթե ոչ իրենք, ապա ո՞վ կարող է ավելի լավ գնահատել իրենց համար ստեղծված ֆիլմերը»:
Իր խոսքում փառատոնի նախագահը նշեց, որ փառատոնը կհասնի նաև դպրոցներ: «Թե Երևանի, թե մարզերի ու Արցախի դպրոցներում մենք ունենալու ենք մոտավորպես 15-17 000 ունկնդիր և մասնակից: Մեր հյուրերը այցելելու են դպրոցներ, հանդիպելու են երեխաների հետ»,- ասաց Ն.Մանուկյանը:

Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու պրեմիերաներ և հատուկ ցուցադրություններ: Փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելի ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նաև` Հայաստանի ու փառատոնի լավ բարեկամ Գարրի Բարդինին: «Ռոլանի» շրջանակներում տեղի կունենա 75-ամյա  հայտնի ռեժիսորի` «Լսելով Բեթհովենին» ֆիլմի առաջնախաղը: Տեղի կունենան նաև այլ ֆիլմերի առաջնախաղեր: Իսկ Հատուկ ցուցադրությունների շրջանակներում կներկայացվեն փառատոնի հավատարիմ բարեկամի` «Երալաշ» մանկական հումորային կինոհանդեսի նոր համարները: «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին փառատոնի ստեղծումից ի վեր միշտ լինում է Հայաստանում, Արցախն ու Հայաստանն էլ համարում իր երկրորդ հայրենիքը:

Ի դեպ, փառատոնի բոլոր ցուցադրությունները լինելու են անվճար: «Այսօր մենք լուրջ խնդիր ունենք` սոցիալապես անապահով խմբերի երեխաները չեն կարողանում այցելել կինոթատրոն, հաղորդակից լինել մշակույթին: Այդ պատճառով էլ մեր բոլոր միջոցառումները, դիտումները թե Երևանում, մարզերում և Արցախում լինելու են բացառապես բարեգործական հիմունքներով»,- ընդգծեց Նունե Մանուկյանը: 
Այս տարի փառատոնին միջազգային աջակցություն է ցուցաբերել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ԵՄ-ն և «Եվրասիա» հիմնադրամը:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են ոչ միայն կինոդիտումներ, այլև ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, workshop-եր, կլոր սեղան քննարկումներ, ինչպես նաև մի շարք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրեր:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

http://www.nyut.am/?p=131078&l=am