VERTEX

News

«Ծիծաղելի է անգամ մեր խնդիրների մասին խոսելը, երբ սահմանամերձ գյուղում նման խեղճություն կա». բարեգործական ակցիա Ճամբարակում
Գրել է Zara

Ասում են` բարեգործությունը թաքուն են անում: Համաձայն եմ, բայց երբեմն պետք է դրա մասին շատ ավելի շատ խոսել, որպեսզի այն օրինակելի դառնա, և, բացի դրանից, հաճախ հենց նմանատիպ միջոցառումների շնորհիվ են վեր հանվում այնպիսի խնդիրներ, որոնց մասին այլ դեպքում չէր խոսվի: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը 2015թ-ին տրվեց հոկտեմբերի 23-ին` «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիայով` ուղղված ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանքիների երեխաներին: Ակցիան շարունակվեց նաև փառատոնի օրերին և փառատոնից հետո` տևելով շուրջ մեկուկես ամիս: Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ իրենց ներդրումն ունեցան անապահով պայմաններում ապրող երեխաների կյանքը մի փոքր լավացնելու գործում:

Բարեգործական ակցիան ամփոփվեց մարտի 23-ին «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահի և աշխատակիցների սահմանամերձ Ճամբարակ կատարած այցով: Հավաքված իրերը հանձնվեցին Ճամբարակի երկու մանկապարտեզներին և ինը ընտանիքների:«Ռոլան» փառատոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը մեր զրույցում նշեց, որ այս ակցիայով ցանկացել են բարեգործական մշակույթ սերմանել երեխաների մեջ, մանավանդ որ տեղադրված արկղերը հենց լցվել են նրանց ձեռքերով: «Ռոլան Բիկով» հիմնադրամի մենեջեր Տաթևիկ Հովհաննիսյանն էլ պատմեց, որ «Ես կօգնեմ» նախագիծն իրենց ողջ թիմի գաղափարն է. «Մենք քննարկում էինք, թե ինչ նոր բան անենք, որ սոցիալական բնույթ կրի և օգուտ բերի, և այդպես ծնվեց «Ես կօգնեմ»-ը: Ճիշտն ասած, մենք նման արձագանքի, մասնակցության չէիք սպասում, բայց հանգանակությունների համար նախատեսված տարբեր տեղերում դրված արկղերն արագորեն լցվում էին ամենատարբեր իրերով, և երբ վերջում հավաքեցինք արկղերը, մեր գրասենյակն ամբողջությամբ լցված էր խաղալիքներով, շորերով, գրենական պիտույքներով և այլ իրերով: Մենք երեք ամիս ապրում էինք այդ իրերը դասավորելու գործով և մտովի պատկերացնում էինք, թե ում են հասնելու դրանք, ինչպես են երեխաներն օգտագործելու իրենց գունավոր մատիտներն ու լեգոները»,- ներկայացրեց նա` հավելելով, որ ներքին մեծ բավարարվածության զգացում ունի, որ իրենց երեք ամսվա աշխատանքն ամփոփվեց և որ իր աչքերով տեսավ, թե այդ ամենն ինչքան էր անհրաժեշտ մարդկանց. «Գիտե՞ք ինչն էր հաճելի, որ հիմնականում նոր ապրանքներ էին բերել մարդիկ, իսկ եթե անգամ օգտագործված էին, այնքան լավ վիճակում էին ու խնամված, որ նորի տպավորություն էին թողնում»:

Թեև ի սկզբանե որոշված էր, որ հանգանակությունների արդյունքում հավաքվածը պետք է ուղղվի հենց սահմանամերձ համայքններից որևէ մեկի երեխաներին, բայց թե կոնկրետ որ համայնքին, որոշվել է շատ ավելի ուշ: «Բավականին ՀԿ-ներ կան, որ Տավուշի, մյուս մարզերի սահամամերձ գյուղերի բնակիչների համար ամենատարբեր ծրագրեր են իրականացնում, և մենք նկատեցինք, որ Ճամբարակը համեմատարբար քիչ ուշադրության է արժանանում և որոշեցինք, որ հենց այնտեղ էլ կտանենք օգնությունը»,- նշեց Նունե Մանուկյանը` հավելելով, որ, բացի դրանից, փառատոնային 10 տարիների ընթացքում եղել են Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում, բացի Ճամբարակից. «Որոշեցինք, որ կգնանք, օգնություն կտանենք, ինչպես նաև հետագա ծրագրերի մասին կպայմանավորվենք: Բայց տեղում լինելուց հետո, ճիշտն ասած, հասկացանք, որ Ճամբարակում մշակութային ծրագրերի իրականացումը դեռևս անհնար է, որովհետև այնտեղ հացի խնդիրն այնքան սուր է, որ հաստատ դրա պակասը մշակութային միջոցառումներով հնարավոր չէ լրացնել: Նախևառաջ պետք է այնպիսի սոցիալական ծրագրեր իրականացնել այդ մարդկանց համար, որոնք ինչ-որ կերպ կլավացնեն նրանց կյանքի որակը»: Ճամբարակի ամեաանապահով ընտանիքների ցանկը հիմնադրամին տրամադրել են են քաղաքապետարանից, որոնցից հիմնադրամի աշխատակիցներն ընտրել են բազամազավակներին և նրանց, որոնց ընտանիքներում նորածին երեխաներ կան,, և իրենց ռեսուրսներն այնպես են բաժանել, որ բոլոր երեխաներին ինչ-որ չափով ապահովեն հագուստով, գրենական պիտույքներով և խաղալիքներով: Նաև ընտրվել է մեկ ընտանիք, որին հեռուստացույց տրվեց և քաղաքի խելացի պատանիներից մեկը, ում տրվեց հանգանակված նոթբուքը: Ճամբարակը քաղաքի ստատուս ունի, բայց դժվար է այն քաղաք կոչել. մեզ տեղ հասցրած ավտոբուսի վարորդն անգամ հրաժարվեց քաղաքի մեջ վարել` վախենալով վնասել իր փոխադրամիջոցը, և արկղերը տերերին հասցրեցինք քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ ամուր մեքենաներով, որոնք ևս դժվարությամբ էին անցնում քաղաքի փողոցներով: «Անբացատրելի զգացողություններ ունեմ. առաջին անգամն էր, որ սահմանամերձ գյուղում էի և անձամբ հանդիպում էի նման պայմաններում ապրող ընտանիքների: Երբ դասավորում էինք արկղերն, այդքան էլ չէինք պատկերացնում, թե իրականում ինչքան են դրանց պարունակություններն ահրաժեշտ այա մարդկանց: Եվ հիմա էլ, երբ տեսա այս ընտանիքների, երեխաների կյանքը, մեկ է, չեմ կարող պատկերացնել` ինչպես կարելի է այդ պայմաններում ապրել, գումարծ դրան մշտական վտանգը, որ կարող է գալ այդքան մոտ գտնվող թշնամուց»,- հուզմունքը զսպելով` ասաց Տաթևիկը, բայցև հավելեց. «Մյուս կողմից, երբ մանկապարտեզում տեսա երեխաների պայծառ աչուկները, հասկացա, որ, անկախ պայմաններից, վտանգից, այնքան կյանք կա նրանց մեջ, և ես հավատում եմ` ապագան հենց նրանց մեջ է»: Տաթևիկի խոսքով, այս այցից հետո վերանայել է իր կյանքը. «Շատ բաներ վերաիմաստավորեցի և հասկացա, որ այն խնդիրները, որոնք ինձ համար շատ մեծ են թվում, իրականում մանրուք են և ծիծաղելու է անգամ դրանց մասին խոսելը»,- ընդգծեց նա: «Գիտե՞ք` ինձ համար այսօր ամենատարօրինակը որն էր: Երբ մանկապարտեզում ոգևորված երեխաներին կոկորդիլոս Գենային և Չեբուռաշկային էի ցույց տալիս, հասկացա, որ նրանք չեն ճանաչում այդ մուլտհերոսներին: Բնական է, որ 21 դարում նման ծայրահեղ անդունդում ապրող երեխաները չէին էլ կարող նրանց ճանաչել: Եվ այս վիճակը սահամանմերձ գոտում է, այնտեղ, որտեղից սկսվում է մեր երկիրը, որտեղ մարդիկ պահպանում են մեր հայրենիքն ու հոգում են մեր անվտանգության համար»,- նշեց Ն. Մանուկյանը` հավելելով, որ գիտակցում է` շատ խնդիրներ կան մեր երկրում, բայցև պետք է լինեն գերակայություններ. «Ես այսպիսի խեղճություն մեկ էլ Գյումրիում էի տեսել` դոմիկներում ապրող մարդկանց ընտանիքներում»: Ն. Մանուկյանը գտնում է, որ փոքրուց երեխաներին պետք է բարեգործություն անելուն սովորեցնել. «Դա պետք է արվի ոչ թե մեծերին չաշխատելու սովորեցնելու համար, այլ որպես օգնության ձեռք նրանց համար, ովքեր կարիք ունեն իմանալու, որ մենակ չեն և անտեսված չեն, որպեսզի կարողանան ոտքի կանգնել: Ես կողմնակից եմ, որ անտարբերությունը վերանա, որ մեզ մի քիչ զրկենք ճոխությունից, որպեսզի սոված մարդկանց թիվը փոքրանա»,- նշեց նա` նկատելով, որ նմանատիպ գյուղերում, քաղաքներում երեխաներին մեծացնելու, դաստիարակելու հիմնական հոգսը մայրերի վրա է, որովհետև տան տղամարդիկ կա´մ ծառայության մեջ են, կա´մ արտերկրում` գումար վաստակելու համար. «Երեխաները, որոնք ծնվում ու մեծանում են այդ պայմաններում, շատ դեպքում ավելի դիմացկուն են, համառ, կայուն, քան այն երեխաները, որոնք կյանքի թոհ ու բոհով չեն անցնում»: http://nyut.am/?p=111173&l=am